Այսօր Հայաստանում մեծացել է մեքենաների առքուվաճառքով զբաղվողների թիվը: Եվ քիչ չեն նաև գնորդները, ովքեր նախընտրում են գնել ոչ թե ավտոսրահներից, այլ նման անhհատ վաճառողներից:

Մեքենա գնելիս գրագետ ու ճիշտ որոշումներ կայացնելու համար պետք է տիրապետել մի քանի հմտությունների:

Մեքենա գնելն այնքան էլ հեշտ գործընթաց չէ. պետք է հաշվի առնել մի շարք գործոններ՝ տեխնիկական բնութագիր, գույն, արտադրման թիվ, եղանակային պայմաններ և այլն: Իմանալով մի քանի գաղտնիք ՝ կարող եք գումարներ խնայել և ամենակարևորը ճիշտ ընտրություն կատարել:

Եկեք պարզենք, թե որն է ամենահարմար ժամանակը մեքենա գնելու համար: Ինչպես գիտենք, տարվա յուրաքանչյուր եղանակ ունի իր առավելություններն ու թերությունները:

Փորձագետների կարծիքով ամռանը մեքենա գնելն այնքան էլ հարմար ժամանակ չէ, քանի որ այս շրջանում նոր և օգտագործված մեքենաների պահանջարկը մեծ է լինում, իսկ զեղչերի մասին խոսելն անգամ ավելորդ է: Սակայն օգոստոսին գնորդներն այնքան էլ ակտիվ չեն լինում, և գներն ընկնում են:

Աշունն այն ժամանակահատվածն է, երբ մարդիկ փորձում են իրենց գումարները խնայել Ամանորին նախապատրաստվելու համար, այդ իսկ պատճառով մարդիկ նման խոշոր գնում կատարելու հնարավորություն չեն ունենում:

Պարզվում է ձմեռն ամենահարմար ժամանակն է, քանի որ բացի ամանորյա զեղչերից, գնորդներն այնքան քիչ են լինում, որ վաճառողները պատրաստ են լինում վաճառել մեքենան բավականին ցածր գներով:

Գարնանը նույնպես զեղչեր լինում են, բայց ոչ այնքան մեծ, որքան ձմռանը:

Զարմանալի է, բայց եղանակը նույնպես կարող է ազդել մեքենայի գնի վրա: Այս փաստը պետք է  հաշվի առնել հատկապես օգտագործված մեքենա գնելու դեպքում և ահա, թե ինչու:

Շատ բնական է, որ մեքենա գնելիս գնորդը ցանկանում է այն ստուգել, ինչի համար ցանկալի է, որ եղանակային պայմանները լինեն հիանալի: Իսկ նման պայմաններ լինում են ամռանը, երբ, ինչպես գիտենք գնորդների քանակը մեծ է լինում, հետևաբար գինն էլ՝ բարձր:

Եթե պատրաստ չեք ամառային բարձր գներին, ապա սպասեք ձմեռային զեղչերին:

Բացի այդ, կկարողանաք պարզել, թե մեքենան ինչպես է աշխատում ցածր ջերմաստիճանային պայմաններում:

Դուք արդեն գիտեք, թե երբ է ամենանպաստավոր ժամանակը մեքենա գնելու համար, ուստի զինվեք համբերությամբ. այս գործում շտապել հարկավոր չէ:
Մի քիչ համբերությունը կօգնի ճիշտ ընտրություն կատարել հետագայում չափսոսալու համար: